ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սովորական քաղաքական գովազդ

Սովորական քաղաքական գովազդ
25.03.2024 | 22:31

Ոսկեպարն աստիճանաբար սկսում է նմանվել Նյու-Յորքի Broadway-ին, Փարիզի avenue des Champs-Élysées-ին, Մոսկվայի Старый Арбат-ին, նվազագույնը` Երևանի Հյուսիսային պողոտային:

Վերջին օրերին հին և նոր, նախկին և ներկա քաղաքական էլիտայի, հասարակական կազմակերպությունների ներկայացիցիչները, հանրային գործիչները հերթով, կարգով, շարքով Ոսկեպար են այցելում:

Ինչ-որ տեղ հասկանալի է Փաշինյան Նիկոլի այցելությունը Ոսկեպար: Հավանական է, որ վերջինս ոսկեպարցիներին բացատրելու և առաջարկելու ինչ-որ բան ունի: Մեծ հաշվով, հասկանալի է նաև հավաքական «շիրինյանների» Ոսկեպար այցելելու նպատակը: Նրանք լավ կամ վատ, ստիպված կամ հոժարակամ կատարում են Փաշինյան Նիկոլի հանձնարարությունը: Անհասկանալի է ընդդիմադիր գործիչների ոսկեպարյան ֆոտոսեսիան:

Հավաքական ընդդիմությունը տարիներ շարունակ պնդում է, որ Հայրենի հողերը հանձնվում են բացառապես Փաշինյան Նիկոլի շնորհիվ:

Ավելին` ըստ հավաքական ընդդիմության ներկայացուցիչների, եթե Փաշինյան Նիկոլը չլինի, Հայրենի հողերը չեն հանձնվի, այսինքն` խնդիրը Փաշինյան Նիկոլի իշխանազրկման մեջ է: Եվ, եթե այդպես է, ապա ինչու՞ եք Ոսկեպար գնում:

Ընդդիմադիրների Ոսկեպար գնալն արդարացված կլիներ, եթե Փաշինյան Նիկոլը Ոսկեպարի գյուղապետը լիներ և գյուղն Ադրբեջանի Ղազախի շրջանի կազմի մեջ մտցնելու սեպարատ գործողություններ իրականացներ: Սակայն, Փաշինյան Նիկոլը Ոսկեպարի գյուղապետը չէ: Վերջինս ՀՀ ղեկավարն է և իր գործողություններն իրականացնում է ոչ թե Ոսկեպարի գյուղապետարանից, այլ Երևանի իր նստավայրից: Այսինքն` պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե խնդիրը միայն Փաշինյան Նիկոլի մեջ է, ապա վերջինիս իշխանազրկումը պետք է իրականացվի ոչ թե Ոսկեպարում, այլ Երևանում, հետևաբար, ընդդիմադիրները նախանձելի պարբերականությամբ պետք է հավաքվեն ոչ թե Ոսկեպարի, այլ Երևանի հրապարակում:

Բացի դրանից` ոսկեպարցիներն ու կամավորներն այլևս անզոր կլինեն և չեն կարողանա պաշտպանել հանձնվող տարածքները, եթե ՀՀ զինված ուժերը հետ քաշվեն: ՀՀ զինված ուժերին հետ քաշվելու հրամանը Երևանից է տրվելու: Եվ, եթե ընդդիմադիրները համոզված են, որ պարտվողականության պատճառը բացառապես Փաշինյան Նիկոլն է, ապա նրանց տեղը ոչ թե Ոսկեպարում է, այլ Երևանում:

Մնացածը` սովորական քաղաքական գովազդ է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ